Wednesday, November 13, 2013

Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Դատարան) իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը:
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա: Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն:
Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո:

Դատարանը կազմված է Դատարանի նախագահից և 16 դատավորից։
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։
Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։ 

No comments:

Post a Comment