Արվեստ

Թոմազո Կամպանելա


Թոմազո Կամպանելլա (իտալ.՝ Tommaso Campanella) (աշխարհիկ անունը՝ Ջովանի Դոմենիկո) (1568—1639), իտալացի փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական գործիչ, կոմունիստական ուտոպիայի ստեղծող։ 1582 թ.-ից՝ դոմինիկյան վանական։
Տելեզիոյի բնափիլիսոփայության պաշտպանության («Փիլիսոփայություն, ապացուցված զգայություններով», 1591), սխոլաստիկայի քննադատության, ազատամտական հայացքների համար ենթարկվել է ինկվիզիցիայի հետապնդմանը։
1598—1599 թվականներին Կալաբրիայում գլխավորել է իսպանական տիրապետության դեմ դավադրությունը։ 1602 թ.-ին դատապարտվել է ցմահ բանտարկության։ Մոտ 27-ամյա բանտարկության ընթացքում ստեղծել է փիլիսոփայական, քաղաքական, աստղաբաշխական, բժշկական երկեր։
Կամպանելլա պաշտպանել է փորձնական ճանաչողության անհրաժեշտությունը և զարգացրել «երկակի» հայտնության (Բնության և Սուրբ գրքի) մասին ուսմունքը։ Պաշտպանելով Գալիլեո Գալիլեյին՝ Կամպանելլա չի ընդունել Տիեզերքի անվերջության մասին ուսմունքը, ենթադրելով, սակայն, բազմաթիվ աշխարհների գոյությունը։
Կամպանելլայի կոմունիստական ուտոպիան համընդհանուր սոցիալական վերափոխման ծրագիր է սեփականության հանրայնությամբ («Արևի քաղաք», գրել է 1602 թ.-ին, լատիներեն թարգմանված հրատարակչություն՝ 1622 թ., հայերեն հրատարակչություն՝ 1969 թ.), համաշխարհային աստվածապետության շրջանակներում։ Կամպանելլայի իդեալական կոմունիստական համայնքում վերացված է սեփականությունը և ընտանիքը, երեխաներին դաստիարակում է պետությունը, բարձր արտադրողականության և աշխատանքի մեքենայացման շնորհիվ աշխատանքային օրը կրճատվել է 4 ժամով, աշխատանքը պատվավոր է և հավասարապես պարտադիր բոլորի համար։ Մեծ ուշադրություն է դարձվում գիտության, լուսավորության և աշխատանքային դաստիարակության զարգացմանը։ Կոմունիստական համայնքը ղեկավարում է գիտնական քրմերի կաստան։
Կամպանելլան գրել է կանցոններ, մադրիգալներ, սոնետներ։

No comments:

Post a Comment